пятница, 28 сентября 2018 г.

ԵՐԱԶԱՆՔՍ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Երազանքս մի արև է,
Հեռու` երկնից էլ վեր,
Տիեզերքը ինձ հուշել է
Շուտով նրան կհասնեմ:

Մութ ամպերին երբ նայում եմ
Դեմքիս ժպիտ է գալիս,
Երազանքս ինձ ժպտում է
Խորն ամպերի արանքից:

Ես սպասումով հավատում եմ,
Որ երազները մեր խենթ,
Աստղերի պես մեզ փայլում են,
Երկնակամարում անվերջ:

Ես գիտեմ, որ բոլոր նրանք,
Ովքեր բարի սիրտ ունեն,
Մի օր լուսնի լույսի ներքո
Երազանքին կհասնեն:
29.09.2018թ.

суббота, 22 сентября 2018 г.

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՈՆ



Աշնանային առաջին քամին իր հետ ծառերի` նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածում: Այդ հոտն ինձ հուշում է, որ աշունը շուտով կգա: Չգիտեմ միայն ես եմ զգում այդ բույրը, թե± միայն ես եմ սպասում աշնանային տրամադրությանն արդեն սեպտեմբերից: Ամեն առավոտ արթնանալով խորը շունչ եմ քաշում և փորձում օդում որսալ խոնավության հոտը:
Փոքր ժամանակ աշուն ասելով պատկերացրել եմ սաղարթախիտ անտառ` գույնզգույն ներկված, խաշամի շրշյուն և մինչև սարերի լանջերն իջած ամպի շերտեր: Հիշում եմ, մեր տնից բացվում էր անտառային մի այնպիսի պեյզաժ, որտեղ կային իմ սիրած գույների բոլոր հագեցած երանգները. կարմիր, դեղին, ոսկեգույն, դարչնադեղնավուն: Իսկ իմ հիասթափությունը տերևաթափերի հետ կապված այնքան մեծ էր, որ ցանկանում էի հավաքել բոլոր գունավոր տերևներն ու կրկին սոսնձել ճյուղերին:
Աշնանային անձրևներն էլ լրացնում են աշնանային տոնը, ինչպես մեծ միջոցառումների ավարտին գունավոր թղթեր և փայլեր են թափվում բեմի վրա: Աշունն էլ մեծ տոն է` գունավոր ծառերով, արևի վերջին տաք շողերով և ամպի կտորներով զարդարված: Իսկ անձրևն այդ տոնի իսկական վերջաբանն է, որն «աստղ» է դարձնում յուրաքանչյուր անցորդի:
Հիմա արդեն քաղաքային աշունն եմ սիրում, զբոսայգիներում ծառուղիներով քայլելն ու երբեմն ուսիդ տեևների «հարված» ստանալը: Քաղաքում աշունն ուրիշ բույր ունի: Քաղաքի աշունն ուրիշ ձայն ունի: Մաքուր ու ասֆալտապատ մայթերին առավոտյան տերևների կույտն ամենաառաջին նշանն է, որ աշունն իր դերի մեջ է մտնում: Քաղաքի կանաչապատ ծառուղիներում սկսում են գունավոր հեքիաթներ` տերևները գունավորվում են: Մարդիկ անձրևանոցներով ու մռայլ դեմքերով շտապում են տուն, աշխատանքի: Ոմանք կոշիկների մեջ խոնավություն են զգում, ոմանք` ներսում դատարկություն: Իսկ ես սպասում եմ ու խորը շնչում առաջին աշնանային բույրով օդը:
Քայլում եմ այգում ու ազատ նստարան եմ փնտրում: Նստարաններին ակամայից իջած գունավոր տերևներն են, և թվում է թե նստելու տեղ չկա:

Աշունը գույներ է բերում, քամու հետ տարածված նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածվում և անձրևի կաթիլներն ասես «աստղերի արցունքներ» ավարտին են հասցնում աշնանային տոնը: