понедельник, 19 ноября 2018 г.

ԱՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՐՈՏՍ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Օրեր անցան, բարքեր անցան
Կարոտ վերքերս նորից արթնացան,
Նորից մշուշ ու ամպ իջավ,
Սար ու երկինք իրար միացան:

Ամպոտ ձորերը կանչում են հեռվից,
Քամին իր ձայնով երգեր է հյուսում,
Տխուր աշունը պինդ գրկել է ինձ
Նորից նույն մարդու սերն է երազում:

Նորից աշուններ ու բարքեր կանցնեն
Ու արշալույսներ կբացվեն նորից,
Բայց իմ կարոտը ամեն աշնան հետ
Ամպերի տեսքով հյուր կգա հեռվից:
01.11.2019թ.

среда, 31 октября 2018 г.

Ո՞Վ ԿԴԱՌՆԱՄ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵԹԵ ՀԱՆԿԱՐԾ ՔԵԶ ԿՈՐՑՆԵՄ



Քամի դառնամ քեզ համար
Վարագույրդ քիչ բացեմ,
Արև դառնամ քեզ համար
Մտնեմ սենյակ` արթնացնեմ:

Լույս կդառնամ քեզ համար
Ամեն օր քեզ կողջունեմ,
Ծով կդառնամ քեզ համար
Անուշ բույրեր կտարածեմ:

Ձյուն կդառնամ քեզ համար
Շուրթերիդ ջերմ կհալչեմ,
Ո՞վ կդառնամ քեզ համար
Եթե հանկարծ քեզ կորցնեմ:
01.11.2018թ.

пятница, 28 сентября 2018 г.

ԵՐԱԶԱՆՔՍ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Երազանքս մի արև է,
Հեռու` երկնից էլ վեր,
Տիեզերքը ինձ հուշել է
Շուտով նրան կհասնեմ:

Մութ ամպերին երբ նայում եմ
Դեմքիս ժպիտ է գալիս,
Երազանքս ինձ ժպտում է
Խորն ամպերի արանքից:

Ես սպասումով հավատում եմ,
Որ երազները մեր խենթ,
Աստղերի պես մեզ փայլում են,
Երկնակամարում անվերջ:

Ես գիտեմ, որ բոլոր նրանք,
Ովքեր բարի սիրտ ունեն,
Մի օր լուսնի լույսի ներքո
Երազանքին կհասնեն:
29.09.2018թ.

суббота, 22 сентября 2018 г.

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՈՆ



Աշնանային առաջին քամին իր հետ ծառերի` նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածում: Այդ հոտն ինձ հուշում է, որ աշունը շուտով կգա: Չգիտեմ միայն ես եմ զգում այդ բույրը, թե± միայն ես եմ սպասում աշնանային տրամադրությանն արդեն սեպտեմբերից: Ամեն առավոտ արթնանալով խորը շունչ եմ քաշում և փորձում օդում որսալ խոնավության հոտը:
Փոքր ժամանակ աշուն ասելով պատկերացրել եմ սաղարթախիտ անտառ` գույնզգույն ներկված, խաշամի շրշյուն և մինչև սարերի լանջերն իջած ամպի շերտեր: Հիշում եմ, մեր տնից բացվում էր անտառային մի այնպիսի պեյզաժ, որտեղ կային իմ սիրած գույների բոլոր հագեցած երանգները. կարմիր, դեղին, ոսկեգույն, դարչնադեղնավուն: Իսկ իմ հիասթափությունը տերևաթափերի հետ կապված այնքան մեծ էր, որ ցանկանում էի հավաքել բոլոր գունավոր տերևներն ու կրկին սոսնձել ճյուղերին:
Աշնանային անձրևներն էլ լրացնում են աշնանային տոնը, ինչպես մեծ միջոցառումների ավարտին գունավոր թղթեր և փայլեր են թափվում բեմի վրա: Աշունն էլ մեծ տոն է` գունավոր ծառերով, արևի վերջին տաք շողերով և ամպի կտորներով զարդարված: Իսկ անձրևն այդ տոնի իսկական վերջաբանն է, որն «աստղ» է դարձնում յուրաքանչյուր անցորդի:
Հիմա արդեն քաղաքային աշունն եմ սիրում, զբոսայգիներում ծառուղիներով քայլելն ու երբեմն ուսիդ տեևների «հարված» ստանալը: Քաղաքում աշունն ուրիշ բույր ունի: Քաղաքի աշունն ուրիշ ձայն ունի: Մաքուր ու ասֆալտապատ մայթերին առավոտյան տերևների կույտն ամենաառաջին նշանն է, որ աշունն իր դերի մեջ է մտնում: Քաղաքի կանաչապատ ծառուղիներում սկսում են գունավոր հեքիաթներ` տերևները գունավորվում են: Մարդիկ անձրևանոցներով ու մռայլ դեմքերով շտապում են տուն, աշխատանքի: Ոմանք կոշիկների մեջ խոնավություն են զգում, ոմանք` ներսում դատարկություն: Իսկ ես սպասում եմ ու խորը շնչում առաջին աշնանային բույրով օդը:
Քայլում եմ այգում ու ազատ նստարան եմ փնտրում: Նստարաններին ակամայից իջած գունավոր տերևներն են, և թվում է թե նստելու տեղ չկա:

Աշունը գույներ է բերում, քամու հետ տարածված նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածվում և անձրևի կաթիլներն ասես «աստղերի արցունքներ» ավարտին են հասցնում աշնանային տոնը:

пятница, 16 февраля 2018 г.

ԱՌԱՆՑ ՔԵԶ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)

Միայն ինձ տեսնես առանց քեզ,
Առանց քեզ ես հին տուն եմ լքված,
Ես աշնան անձրև եմ առանց քեզ,
Առանց քեզ ասես ես չկամ:

Գարնանը չծաղկող ծաղիկ եմ,
Ձմռանը` չհալչող ձյուն,
Առանց քեզ սրտումս փոթորիկ է,
Առանց քեզ ասես ես չկամ:

Իմ հոգում արևի խավարում է,
Երազներումս` անլուսին գիշեր,
Հոգիս մե'կ ժպտում, մե'կ լացում է,
Առանց քեզ ասես ես չկամ:

Կյանքի ծովերում խորտակված եմ,
Քամուց, փոթորկից` խելագար,
Իմ սիրո դռները փակ են,
Առանց քեզ ասես ես չկամ:
17.02.2018թ

воскресенье, 4 февраля 2018 г.

ԻՄ ՀԻՆ, ԾԱՆՈԹ ՍՏՎԵՐՈՒՄ (ՄԱՍ 1)



  Մեծ ու լայն ճակատ, խոշոր ու գրավիչ աչքեր, առողջ մազեր ու առավել ևս ճերմակ ատամներ չուներ Արամը, ինչպես սովորաբար վեպերում նկարագրում են գլխավոր հերոսներին:   Միակ հատկանիշը՝ Արամի արտաքինից, նրա բարձր հասակն էր ու ձիգ մկանային կազմվածքը: Ժառանգել էր ծնողներից, հավանաբար հորից, ում երբեք չէր տեսել: Արամն առանձնապես ջանք չէր խնայում մարզասրահներում երկար աշխատելու ու համար: Ուտում էր ամեն ինչ, բայց այն տհաճ մեծ փորը, որն ասես Աստվածաշնչի մի քանի պատվիրանները միանգամից խախտելու հետևանքը լինի, Արամի մոտ չկար: Եթե նրան բասկետբոլի կամ ֆուտբոլի  մարզիչները տեսնեին, միանգամից կարող էին հրավիրել իրենց մոտ, և հաստատ լուրջ արդյունքներ կգրանցեր սպորտում: Ցավոք միայն Արամն ուժեղ չէր: Ուժեղ չ՞էր: Դե վազքի, ֆիզիկական աշխատանքի և սպորտի առումով, իսկ այնպես Արամի նման ինտելեկտուալ զարգացվածությամբ երկրորդ մարդ չէիր գտնի: Արամը մշակութաբան էր մասնագիտությամբ, հաշիվ տալ չեմ կարող, թե քանի գիրք էր կարդացել, քանի լեզուների էր տիրաապետում և քանի երկրներում էր եղել: Նրա հետ անհնար էր վիճել: Եթե նույնիսկ չնչին անգամ սխալվեիր որևէ արտահայտության, որևէ հանրաճանաչ մարդու մասին խոսելիս, կամ թե նույնն է որևէ երկրի ավանդույթը քննարկելիս, իսկույն ավելացնում էր, որ փաստերից տեղյակ չեք, ուրեմն մի վիճեք: Մեկ-մեկ մտածում եմ աշխարհիկ կյանքում նրա նմանները հավագյուտ են հանդիպում, բայց հետո հիշում եմ, որ բոլորս էլ հազվագյուտ տեսակ ենք:  Մինչև նրա հետ ծանոթանալը, ես մարդկանց միայն արտաքինով էի գնահատում, բայց միայն դրականից բարձր միավորի էի արժանացնում նրանց, ովքեր շատ աչքի չընկնող արտաքին հատկանիշներից բացի, ներքին ինչ-որ գայթակղիչ գիծ ունեին. չերևացող, բայց աչքերից դուրս կայծող փայլ, մի տեսակ էներգիա, որը քեզ ձգում էր ևլն.: Իսկ Արամին հանդիպելուց հետո հասկացա, որ մարդկանց չեմ ճանաչել:

   Ես սովորաբար այգիներում սիրում եմ մենակ զբոսնել: Երկար նայում եմ ծառերին, գուշակում մարդկանց տրամադրություններն ու բնավորությունները: Հետաքրքիր է, թե նրանք ինչ են կորցրել այգում: Հնարավոր է ուղղակի հանգստանում են, կամ փախել են իրենք իրենցից և իրենց են փնտրում: Իսկ միգուցե ոմանք էլ ինձ են հետևում հեռվից և գուշակում իմ մտքերը: Դե իսկ ես, ես ուղղակի մարդկանց եմ հետազոտում. գաղտնի հետազոտության տեսակ, որը հոգեբանները հաճախ են կիրառում: Երբ սովորում ես որևէ նոր բան առաջինն այն փորձարկելու ցանկություն ես ունենում, ստուգելու յուրացրածդ գիտելիքները, համոզվելու դրա ճշտության մեջ:
   Առաջին յուրացրածս գիտելիքները հենց Արամի վրա եմ փորձարկել: Նա հենց առաջին փորձից համոզված էր, որ լավ հոգեբան եմ դառնալու: Մարդկանց հասկանալու նուրբ կարողությունն Արամն ի ծնե ուներ, և հաճախ իմ առաջին օգնականն էր դառնում, երբ պետք էր որևէ լուրջ իրավիճակ ուսւոմնասիրել: Ասում էր միասին գիրք կարդալն ամենահետաքրքիրն է. հատկապես հոգեբանության մասին գրքեր: Իմանում էինք միմյանց մասին ավելին, քան առօրյա կյանքում էր ստացվում իրար ճանաչել: Չէ՞ որ կարող ես իմանալ մարդու մասին գրեթե այնքան բան, որքան որ նա է բացում իրեն քո առաջ: Ես սարսափում էի այն բանից, որ չէի կարող իմանալ ինչ կա իմ սիրելի մարդու մտքում, ինչի մասին է մտածում նա: Նույնիսկ երբ միասին եք, միևնույնն է մարդու մտքում կարող են գրվել տեքստեր, որոնց մասին դու երբեք չես իմանա:
   Մի քանի ամիս էր ինչ մենք միասին էինք, երբ մի օր Արամի տանը գտա նրա օրագիրը, որն ավելի շատ գրանցումների տետրի էր նման, քան կյանքի օրագրի: Մի չար ուժ վայրկյանական խափեց ինձ ու ես բացեցի տետրը: Սկզբում Արամի աշխատանքի հետ կապված պլաններն էին՝ ճամփորդության օրեր, աշխատակազմ, ծրագրեր, բայց երբ որոշեցի փակել տետրը, պատահական աչքս ընկավ հետևյալ միտքը.
   «Նորից սկսեցի խոսել ինքս ինձ հետ»
   Զարմանքս մեծ չէր լինի, եթե տետրի հաջորդ էջում գրված չլիներ պահանջվող գրքերի ցուցակ վերնագիրը և ներքում սև գրիչով ընդգծած Վլադիմիր Լևի «Ինքնատիրապետման արվեստը» նախադասությունը: Իրականում միտքը զարմանալի չէր, եթե մի քանի օր առաջ Արամն ինձ տարբեր հարցեր չտար իր ընկերոջ խնդիրների մասին, ով թեթևակի հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր, և ուզում էր իրեն ավելի լավ հասկանալ: Ես նրան խորհուրդ տվեցի ընթերցել վերոնշյալ գիրքը, որն ավելի շատ ինքնաներշնման արվեստ էր, և խնդրեցի Արամին ընկերոջ հետ լուրջ զրուցել: Իսկ այս դեպքում ինչ էր նշանակում նորից սկսեցի ինքս ինձ հետ զրուցել արտահայտությունը:
  Միգուցե շատերը չհամարձակվեին հարցնել ու մնային անընդհատ իրենց տանջող մտքերով, բայց ես այլընտրանք չունեի, որոշեցի հենց Արամից պարզել եղելությունը:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ