четверг, 25 мая 2017 г.

ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳՐԵԼ


- Մտածում եմ ինչի մասին գրեմ,
- Էդպես կստացվի, որ քեզ ստիպելով ես գրում,
- Չէ, ուզում եմ գրեմ, ուղղակի  ոգևորվելու թեմա, նկարագրելու պահ կամ էլ պոռթկալու առիթ եմ փնտրում,
- Ի՞նչ կարամ անեմ քո համար,
- Փորձիր թեմա հուշել, որ սկսեմ գրել,
- Ի՞նչ, շարադրություն ե՞ս գրելու, որ թեմա հուշեմ , թե՞ հետո էլ պիտի ասես էնպես արա, որ պոռթկամ,
- Չէ, քո հետ հաստատ չեմ կարողանա ոգևորվել ոչնչից ու չեմ գրի ոչինչ, քեզ էլ չեմ կարա սիրահարվեմ, սիրտդ արդեն զբաղվածա, մենակ թող, հա՞:
- Իսկ կոտրված սիրուց ստեղծագործու՞մ են,
- Չէ, արդեն ասեցի, որ չեմ սիրահարվի քեզ: Էնպես որ ինձ մերժելու ու սիրտս կոտրելու հույսեր չունենաս, ես կարող եմ ընտրել ում սիրահարվել, ում՝ չէ,
- Դե, քանի որ չես կարողանում թեմա գտնել ու գրել, պատմի տեսնեմ ոնց ես ընտրում ում պետքա սիրահարվել, ում՝ չէ,
- Ավելի լավա թեմա ասա, հա՞, կամ էլ հեռացի,
- Լավ թեմա կասեմ, դե էն շարադրության համար, որ պիտի գրես: Թող լինի նման մի բան ,,քեզ չեմ ուզում սիրահարվել՛՛: Դե փորձիր,
- Առաջին պայմանս բավարարարեցիր. թեման կա, որից կարող եմ ոգևորվել: Հիմա ավելի կարևոր կետի հասանք, պիտի փորձեմ նկարագրել պահը.
- Դե լավ, ախր էդպես չեն գրում, եթե ես պիտի թեմա ասեմ, որը քեզ հոգեհարազատ չի, չես վերապրել, ո՞նց կարող ես գրել կամ էլ նկարագրել պահը,
- Երևակայությամբ: Կարող եմ պատկերացնել, կարող եմ երազել, կարող եմ նաև մտածել, որ դա ինձ հետ կատարվել է: Դա ավելի հեշտ է ու առհասարակ, մարդու երևակայությունը սահման չունի: Կարևորը որ անկեղծ լինես, որ կարողանաս հավատացնել, որ այդ պահը վերապրել ես, որ նկարագրես ամբողջ էմոցիաներով, որ նրանք էլ իրենց հերթին պատկերացնեն իրենց այդ իրավիճակում: Ուզում եմ, որ այսպես հավատան, որ քո հետ զրուցել եմ: Ուզում եմ, որ մինչև իմ նկարագրելը, որ սիրահարված եմ քեզ, իրենք դա հասկանան, ու իրենք էլ սիրահարվեն: Ուզում եմ չմտածեն, թե թեմա էի ուզում, որ գրեմ: Ուզում եմ ուղղակի հավատան, որ դու կաս: Ավելի ճիշտ մտածեն, որ դու կաս: Կարևոր չլինի, թե դու ով ես, կարևոր չլինի, թե ինչու եմ հենց քո հետ զրուցում, որտեղից գտա, կամ էլ ինչու չեմ կարող սիրահարվել: Կարևորը որ կարողանաս որևէ առիթով արհահայտվել, որ երբ չես կարող լռել, սկսես գրել, սկսես պատմել ամեն ինչի մասին, ինչ մտածում ես որ կլինի: Ինչ չի կատարվել քո հետ, բայց և այնպես նկարագրես, թե ոնց ես դու դա պատկերացնում: Պիտի էնպես ոգևորվես, որ սկսած տողից չկարողանան կտրվել ու կիսատ թողնելով անցնեն հաջորդին: Որ շտապելուց մոռանաս հաջորդն ինչ պիտի գրեիր: Որ առանց պլանավորելու սկսես ու անակնկալ ավարտես աշխատանքդ: Էնպես գրես, որ ինքդ էլ հավատաս քո գրածին: Որ հետո երկրորդ անգամ նորից կարդալ ուզես, քանի որ մի քանի տող շտապելուց բաց էիր թողել: Պիտի բառերի ու պատմության մեջ միշտ բոլորը գտնեն իրենց: Բայց և այնպես կարող ես նաև դա զգացած լինել,  նորից հիշել ու լրիվ այլ բաներ հնարելլ, երևակայել կամ էլ երազել, դա ինձ մոտ միշտ շատ լավա ստացվում,
- Դեռ մտածում ե՞ս ինչի մասին գրել:
25.05.2017թ.

четверг, 18 мая 2017 г.

ԱՆՇՈՒՔ ՏՈՆԱԾԱՌԸ

Կյանքում միշտ չի պատահում, որ երազանքներդ իրականանում են: Երբեմն լինում է նաև այնպես, որ այն, ինչին սպասում էիր կամ ամբղջ հոգով երազում՝ մի պահ անիմաստ է թվում:
Ես երջանիկ եմ եղել, որովհետև մեծացել եմ իսկական ընտանիքում՝ ինձ սիրող հարազատների կողքին: Միշտ ունեցել եմ այն ամենը, ինչը կարելի էր: Բայց այդ ամենից բացի արի ու տես, որ ես էլ եմ ունեցել երազանքներ, որոնք այդպես էլ չեն իրականացել: Ամեն Նոր Տարու երազել եմ մեծ տոնածառ. մեծ ու գունավոր գնդակներով, վառ լույսերով ու կարմիր փայլուն աստղով: Բայց ամեն անգամ չէի սիրում այն պահը, երբ պապիկս անտառից սոճու ճյուղեր էր կտրում, որն էլ օգտագործում էինք որպես տոնածառ: Դա այնքան անշուք էր. այդ անհավասար ճյուղերը, որոնք ինչքան էլ գեղեցիկ ձևավորեիր անճոռնի ճուտիկի պես  միայն զգացնել էր տալիս, այն խանութից գնված չեն: Ու երբ ընտանիքով հավաքվում էինք Նոր Տարին նշելու, այդ հաճելի պահը մոռանալով, ես է՛լի գունավոր ու փայլուն տոնածառ էի երազում:
Անցան տարիներ, ես հպարտ և երջանիկ էի իմ ընտանիքով և ամեն տոնական գիշերին նույն երազանքն էի պահում. առողջություն և հաջողություն ինձ և իմ ընտանիքին և սպասում, որ հաջորդ Նոր Տարուն մենք նորից 5-ով դիմավորենք Տարին: Այս տարի ուրիշ է….
Մեծ արհեստական տոնածառ առանց լույսերի և մի քանի խաղալիքներ՝ առանց փայլի: Մինչդեռ Նոր Տարին ինձ համար շատ մեծ տոնածառ ունենալու փաստով էր կարևորվում, ես չէի գնահատում այն սերն ու անկեղծությունը, որով շրջապատված էի ու այն անշուք տոնածառին, որը նույնպես սեր էր ուզում: Իսկ հիմա ես այնքան կուզեի նորից տեսնել պապիկիս այդ անշուք տոնածառի հետ )))

Շնորհավո՛ր Ամանորդ, Պապիկ………
28.12.2016թ.