Աշնանային առաջին քամին իր հետ ծառերի` նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածում: Այդ հոտն ինձ հուշում է, որ
աշունը շուտով կգա: Չգիտեմ
միայն ես եմ զգում այդ բույրը, թե± միայն ես եմ սպասում աշնանային տրամադրությանն արդեն սեպտեմբերից: Ամեն
առավոտ արթնանալով խորը շունչ եմ քաշում և փորձում օդում որսալ խոնավության հոտը:
Փոքր ժամանակ
աշուն ասելով պատկերացրել եմ սաղարթախիտ անտառ` գույնզգույն ներկված, խաշամի շրշյուն
և մինչև սարերի լանջերն իջած ամպի շերտեր: Հիշում եմ, մեր տնից բացվում էր անտառային
մի այնպիսի պեյզաժ, որտեղ կային իմ սիրած գույների բոլոր հագեցած երանգները. կարմիր,
դեղին, ոսկեգույն, դարչնադեղնավուն: Իսկ իմ հիասթափությունը տերևաթափերի հետ կապված
այնքան մեծ էր, որ ցանկանում էի հավաքել բոլոր գունավոր տերևներն ու կրկին սոսնձել
ճյուղերին:
Աշնանային
անձրևներն էլ լրացնում են աշնանային տոնը, ինչպես մեծ միջոցառումների ավարտին գունավոր
թղթեր և փայլեր են թափվում բեմի վրա: Աշունն էլ մեծ տոն է` գունավոր ծառերով, արևի
վերջին տաք շողերով և ամպի կտորներով զարդարված: Իսկ անձրևն այդ տոնի իսկական վերջաբանն
է, որն «աստղ» է դարձնում յուրաքանչյուր անցորդի:
Հիմա արդեն
քաղաքային աշունն եմ սիրում, զբոսայգիներում ծառուղիներով քայլելն ու երբեմն ուսիդ
տեևների «հարված» ստանալը: Քաղաքում աշունն ուրիշ բույր ունի: Քաղաքի աշունն ուրիշ
ձայն ունի: Մաքուր ու ասֆալտապատ մայթերին առավոտյան տերևների կույտն ամենաառաջին նշանն
է, որ աշունն իր դերի մեջ է մտնում: Քաղաքի կանաչապատ ծառուղիներում սկսում են գունավոր
հեքիաթներ` տերևները գունավորվում են: Մարդիկ անձրևանոցներով ու մռայլ դեմքերով շտապում
են տուն, աշխատանքի: Ոմանք կոշիկների մեջ խոնավություն են զգում, ոմանք` ներսում դատարկություն:
Իսկ ես սպասում եմ ու խորը շնչում առաջին աշնանային բույրով օդը:
Քայլում
եմ այգում ու ազատ նստարան եմ փնտրում: Նստարաններին ակամայից իջած գունավոր տերևներն
են, և թվում է թե նստելու տեղ չկա:
Աշունը գույներ
է բերում, քամու հետ տարածված նոր-նոր գունափոխվող տերևների հոտն է տարածվում և անձրևի
կաթիլներն ասես «աստղերի արցունքներ» ավարտին են հասցնում աշնանային տոնը:
