вторник, 20 июня 2017 г.

ԻՄ ՁԵՌԱԳՐՈՎ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Դու ինձ հույս տուր ու ես կզգամ, որ աշխարհում մենակ չեմ,
Բոլոր օտար ճամփաներից քեզ իմ գիրկը կկանչեմ:

Դու ինձ շունչ տուր, որ ես հասնեմ հեռու լեռներ ու ձորեր,
Ու քո կորցրած երազներից մի նոր պատրանք քեզ բերեմ:

Դու ինձ ձայն տուր ու ես կգամ մութ գիշերով, խավարով,
Սիրո լույսից քեզ էլ կտամ, դու էլ կարբես իմ սիրով:

Դու ինձ լույս տուր, որ գիշերով քեզ կանչեմ,
Ջերմությունից ու խենթ սիրուց գլուխս առնեմ ու փախչեմ:

Դու ինձ սպասիր, որ քեզ հասնեմ՝ կյանքս տամ,
Հաջողության հորձանուտում քեզնից գաղտնի անձայն լամ:

Դու ինձ սեր տուր ու իմ կյանքը մի նոր իմաստ կստանա,
Հոգիս թևով, սիրտս՝ նավով, դեպի քո կյանք կլողա:

20.06.2017թ.

понедельник, 19 июня 2017 г.

ԵՍ ՔԵԶ ՀԵՌՎԻՑ ԵՄ ՍԻՐԵԼ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Քո աչքերը տիեզերք են,
Իմ երազները՝ աստղեր,
Ես դեռ պիտի վերև թռչեմ,
Կարողանամ քեզ հասնել:

Քո խոսքերը մարգարիտ են,
Իմ երազները՝ ծովեր,
Ես դեռ պիտի լողամ ներքև,
Կարողանամ քեզ հասնել:

Քո ժպիտը հուր կրակ է,
Իմ երազները՝ լեռներ,
Լավայի մեջ պիտի այրվեմ,
Կարողանամ քեզ հասնել:

Քո ձեռքերը ապարանք են,
Իմ երազները՝ գանձեր,
Կուզեմ պահես ձեռքերիդ մեջ,
Ապարանքս չկորցնեմ:

Քո վարսերը բուրաստան են,
Իմ երազները՝ վարդեր,
Քո պարտեզի զարդը ես եմ,
Չթոողնես որ ինձ պոկեն:

Քո շուրթերը մանանա են,
Իմ երազները՝ ամպեր,
Ես էլ քո հետ կիջնեմ ներքև,
Որ քեզ երբեք չկորցնեմ:

Իսկ քո ձայնը մի զանգակ է,
Իմ երազները՝ արև,
Քո հմայքը իմ պատրանքն է,
Ես քեզ հեռվից եմ սիրել…..
19.06.2017թ.
Նվիրվում է Հ.Մ.-ին

воскресенье, 18 июня 2017 г.

ԵՍ ԹՌՉՈՒՆ ԵՄ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Ես թռչուն եմ, թևեր առած սավառնում եմ երկնքում,
Ազատ թող ինձ, որ քեզ մոտ գամ ու բույն հյուսեմ քո հոգում:

Ինձ մի փակիր քո վանդակում, իմ թևերը մի կապիր,
Ես չեմ թռչի քեզնից հեռու, դու ինձ ազատ արձակիր:

Ես ուզում եմ թռչել դեպի բարձր սարերն ու երկինք,
Անտառներում երգեր հյուսել, ծառերի վրա՝ տանիք:

Սիրող թռչնին եթե փակես, մի օր քեզնից կգնա,
Իսկ թե նրան ազատ արձակես, կրկին մոտդ կդառնա:

Սիրածին էլ քեզ մի կապիր, ոչ ոք  վանդակ չի սիրում,
Սիրող սրտին ազատ արձակիր, մոտդ կգա, բույն կյուսի քո հոգում:
18.06.2017թ.

четверг, 8 июня 2017 г.

ՔԵԶ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Քեզ հետ ուզում եմ խենթանալ, վազել,
Ամբողջ էությամբ գժվել եմ ուզում,
Քո նուրբ խոսքերից ուզում եմ հալչել
Ու համբույրներից արբել եմ ուզում:

Մութ երեկոյան քո ստվերի հետ
Ուզում եմ կռվել ու խելագարվել,
Քո մութ աչքերում ուզում եմ մարել
Ու քեզնից հեռու մեռնել եմ ուզում:

Ուզում եմ լսել ձայնը քո ներսից,
Ինձ ավելի մոտ ու իմ ականջին,
Հսկել եմ ուզում քունը քո հանգիստ,
Ավազի վրա` գետակի ափին:

Ու քո տաք շնչից ուզում եմ վառվել,
Արևի նման այրվել եմ ուզում,
Ցուրտ քամիների փոթորկոտ պարից
Հոգովս թաքուն գժվել եմ ուզում:

Քեզ հետ ուզում եմ սավառնել երկինք,
Ամբողջ էությամբ թռչել եմ ուզում,
Քեզ հետ ուզում եմ խենթանալ, վազել
Ամբողջ էությամբ քեզ եմ երազում…
Նվիրվում է Հ.Մ.-ին


четверг, 25 мая 2017 г.

ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԳՐԵԼ


- Մտածում եմ ինչի մասին գրեմ,
- Էդպես կստացվի, որ քեզ ստիպելով ես գրում,
- Չէ, ուզում եմ գրեմ, ուղղակի  ոգևորվելու թեմա, նկարագրելու պահ կամ էլ պոռթկալու առիթ եմ փնտրում,
- Ի՞նչ կարամ անեմ քո համար,
- Փորձիր թեմա հուշել, որ սկսեմ գրել,
- Ի՞նչ, շարադրություն ե՞ս գրելու, որ թեմա հուշեմ , թե՞ հետո էլ պիտի ասես էնպես արա, որ պոռթկամ,
- Չէ, քո հետ հաստատ չեմ կարողանա ոգևորվել ոչնչից ու չեմ գրի ոչինչ, քեզ էլ չեմ կարա սիրահարվեմ, սիրտդ արդեն զբաղվածա, մենակ թող, հա՞:
- Իսկ կոտրված սիրուց ստեղծագործու՞մ են,
- Չէ, արդեն ասեցի, որ չեմ սիրահարվի քեզ: Էնպես որ ինձ մերժելու ու սիրտս կոտրելու հույսեր չունենաս, ես կարող եմ ընտրել ում սիրահարվել, ում՝ չէ,
- Դե, քանի որ չես կարողանում թեմա գտնել ու գրել, պատմի տեսնեմ ոնց ես ընտրում ում պետքա սիրահարվել, ում՝ չէ,
- Ավելի լավա թեմա ասա, հա՞, կամ էլ հեռացի,
- Լավ թեմա կասեմ, դե էն շարադրության համար, որ պիտի գրես: Թող լինի նման մի բան ,,քեզ չեմ ուզում սիրահարվել՛՛: Դե փորձիր,
- Առաջին պայմանս բավարարարեցիր. թեման կա, որից կարող եմ ոգևորվել: Հիմա ավելի կարևոր կետի հասանք, պիտի փորձեմ նկարագրել պահը.
- Դե լավ, ախր էդպես չեն գրում, եթե ես պիտի թեմա ասեմ, որը քեզ հոգեհարազատ չի, չես վերապրել, ո՞նց կարող ես գրել կամ էլ նկարագրել պահը,
- Երևակայությամբ: Կարող եմ պատկերացնել, կարող եմ երազել, կարող եմ նաև մտածել, որ դա ինձ հետ կատարվել է: Դա ավելի հեշտ է ու առհասարակ, մարդու երևակայությունը սահման չունի: Կարևորը որ անկեղծ լինես, որ կարողանաս հավատացնել, որ այդ պահը վերապրել ես, որ նկարագրես ամբողջ էմոցիաներով, որ նրանք էլ իրենց հերթին պատկերացնեն իրենց այդ իրավիճակում: Ուզում եմ, որ այսպես հավատան, որ քո հետ զրուցել եմ: Ուզում եմ, որ մինչև իմ նկարագրելը, որ սիրահարված եմ քեզ, իրենք դա հասկանան, ու իրենք էլ սիրահարվեն: Ուզում եմ չմտածեն, թե թեմա էի ուզում, որ գրեմ: Ուզում եմ ուղղակի հավատան, որ դու կաս: Ավելի ճիշտ մտածեն, որ դու կաս: Կարևոր չլինի, թե դու ով ես, կարևոր չլինի, թե ինչու եմ հենց քո հետ զրուցում, որտեղից գտա, կամ էլ ինչու չեմ կարող սիրահարվել: Կարևորը որ կարողանաս որևէ առիթով արհահայտվել, որ երբ չես կարող լռել, սկսես գրել, սկսես պատմել ամեն ինչի մասին, ինչ մտածում ես որ կլինի: Ինչ չի կատարվել քո հետ, բայց և այնպես նկարագրես, թե ոնց ես դու դա պատկերացնում: Պիտի էնպես ոգևորվես, որ սկսած տողից չկարողանան կտրվել ու կիսատ թողնելով անցնեն հաջորդին: Որ շտապելուց մոռանաս հաջորդն ինչ պիտի գրեիր: Որ առանց պլանավորելու սկսես ու անակնկալ ավարտես աշխատանքդ: Էնպես գրես, որ ինքդ էլ հավատաս քո գրածին: Որ հետո երկրորդ անգամ նորից կարդալ ուզես, քանի որ մի քանի տող շտապելուց բաց էիր թողել: Պիտի բառերի ու պատմության մեջ միշտ բոլորը գտնեն իրենց: Բայց և այնպես կարող ես նաև դա զգացած լինել,  նորից հիշել ու լրիվ այլ բաներ հնարելլ, երևակայել կամ էլ երազել, դա ինձ մոտ միշտ շատ լավա ստացվում,
- Դեռ մտածում ե՞ս ինչի մասին գրել:
25.05.2017թ.

четверг, 18 мая 2017 г.

ԱՆՇՈՒՔ ՏՈՆԱԾԱՌԸ

Կյանքում միշտ չի պատահում, որ երազանքներդ իրականանում են: Երբեմն լինում է նաև այնպես, որ այն, ինչին սպասում էիր կամ ամբղջ հոգով երազում՝ մի պահ անիմաստ է թվում:
Ես երջանիկ եմ եղել, որովհետև մեծացել եմ իսկական ընտանիքում՝ ինձ սիրող հարազատների կողքին: Միշտ ունեցել եմ այն ամենը, ինչը կարելի էր: Բայց այդ ամենից բացի արի ու տես, որ ես էլ եմ ունեցել երազանքներ, որոնք այդպես էլ չեն իրականացել: Ամեն Նոր Տարու երազել եմ մեծ տոնածառ. մեծ ու գունավոր գնդակներով, վառ լույսերով ու կարմիր փայլուն աստղով: Բայց ամեն անգամ չէի սիրում այն պահը, երբ պապիկս անտառից սոճու ճյուղեր էր կտրում, որն էլ օգտագործում էինք որպես տոնածառ: Դա այնքան անշուք էր. այդ անհավասար ճյուղերը, որոնք ինչքան էլ գեղեցիկ ձևավորեիր անճոռնի ճուտիկի պես  միայն զգացնել էր տալիս, այն խանութից գնված չեն: Ու երբ ընտանիքով հավաքվում էինք Նոր Տարին նշելու, այդ հաճելի պահը մոռանալով, ես է՛լի գունավոր ու փայլուն տոնածառ էի երազում:
Անցան տարիներ, ես հպարտ և երջանիկ էի իմ ընտանիքով և ամեն տոնական գիշերին նույն երազանքն էի պահում. առողջություն և հաջողություն ինձ և իմ ընտանիքին և սպասում, որ հաջորդ Նոր Տարուն մենք նորից 5-ով դիմավորենք Տարին: Այս տարի ուրիշ է….
Մեծ արհեստական տոնածառ առանց լույսերի և մի քանի խաղալիքներ՝ առանց փայլի: Մինչդեռ Նոր Տարին ինձ համար շատ մեծ տոնածառ ունենալու փաստով էր կարևորվում, ես չէի գնահատում այն սերն ու անկեղծությունը, որով շրջապատված էի ու այն անշուք տոնածառին, որը նույնպես սեր էր ուզում: Իսկ հիմա ես այնքան կուզեի նորից տեսնել պապիկիս այդ անշուք տոնածառի հետ )))

Շնորհավո՛ր Ամանորդ, Պապիկ………
28.12.2016թ.