воскресенье, 14 января 2018 г.

ՁՄԵՌ (ՄԱՆԿԱԿԱՆ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)




Բնությունն իր խենթ ներդաշնակությամբ
Սավան է փռում սարին ու դաշտին,
Ճկված ճյուղերին նստած մի ագռավ
Աղոթքով կանչում տաք-տաք օրերին:
 
 
Սառած գետերում անդորր է տիրում,
Ձյունե ծառուղում լսվում են քայլեր,
Երջանիկ մարդիկ ձմեռն են սիրում,
Մաքուր ու պարզ է դարձել կյանքը մեր:
 
Անտառում ձյունե հաստ շերտերի տակ
Ինչքան ուտելիք և սնունդ մնաց,
Իսկ ձնեմարդու զայրացած դեմքից
Փոքրիկ սկյուռիկը փախավ ու գնաց:
 
Մութ երեկոյան քամին պարելով
Քշեց ու տարավ եղևնու ճյուղեր,
Պարահանդեսի համար` վրձինով,
Պատուհաններին ներկեց կտավներ:
 
Ինչքան քիչ բան է հարկավոր կյանքում
Վայելելու և զգալու համար,
Սառած դռները ձմեռն է թակում,
Մի նոր հեքիաթ է բերել մեզ համար:

15.01.2018թ.

ԱՆԱՎԱՐՏ ՍԵՐԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Ես քեզ սիրում եմ և երազներս ու ամբողջ կյանքս նվիրում եմ քեզ,
Թող որ  ես ապրեմ մի քիչ առանց ես՝ արբած, մոլորված:

Ես քեզ ներում եմ և սխալներդ ու քո մեղքերը վերագրում եմ ինձ,
Թող որ ես ապրեմ ծանր մեղքերով միշտ դատապարտված:

Ես քեզ կանչում եմ ու վերջին հույսով կմնամ ես միշտ սպասելով քեզ,
Քող որ աչքերս քեզ նորից գտնեն՝ ճամփիդ կարոտած:

Ես քեզ կորցնում եմ ու միևնույնն է ինձ չեմ մեղադրում սիրելու համար,
Երբեմն սերը այդպես է լինում՝ կիսատ, չավարտված:
14.01.2018թ.

ՁՅԱՆ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Ես հավատում եմ, որ ձյունն ունի կախարդանք:


  Ձյունն էներգիա է բերում երկնքից և այն կորած երազանքից, երբ աստղերին էինք պատմում մեր երազները: Ամենապարզ և ամենամաքուր փաթիլները երազներ են՝ ամբողջ աշխարհում մարդկանց ցանկություններից հյուսված երազներ: Եվ ամեն տարի ես սպասում եմ, որ այս ձյան հետ ես նորից կգտնեմ իմ երազը:
  Որքան երգեր են հյուսվում ձյանը, ձյան փաթիլներին: Ես երգել չեմ կարող, բայց միշտ սիրով կնվիրեմ իմ սերը՝ իմ երազանքներից կազմված փաթիլներին:


  Երբ աստղ է ընկնում, ասում են երազանք պահիր, իսկ երբ ձյուն է գալիս, ես վստահ եմ, որ ինչ-որ տեղ այդ երազանքներն իրականանում են:
  Ձյունն իր մեջ ունի յուրօրինակ կախարդանք: