вторник, 23 июля 2013 г.

ԻՄ ԵՐԵԿՈՅԱՆ ՀՅՈՒՐԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)




Չհասկացա պատկերասրահ է՞ր, արվեստանո՞ց, թե՞ բնակարան: Բազմիցս էի լսել թափթփված ու տարօրինակ արվեստագետների մասին, բայց առաջին անգամ էի գտնվում արվեստագետի բնակարանում և ականատես լինում նրա աշխատանքներին: Չնայած բնակարանը շատ թափթփված էր, բայց իմ արվեստագետ ընկերը բավականին կոկիկ անձնավորություն էր: Նրա արտաքին տեսքից դատելով երբեք չէիր կռահի, որ նա կարող է նկարիչ լինել:
Ամենատպավորիչ աշխատանքը, որն իմ առաջ հայտնվեց մի շատ հմայիչ օրիորդի նկար էր: Աղջիկն ամառային կապույտ զգեստով նստած էր աթոռի վրաՊ Մինչ կցանկանայի Տիգրանից հարցնել, թե ով էր նա, նկարի տակ կարդացի մակագրությունը. «Էլիզային»: Այնուհետև սկսեցի ուսումնասիրել մյուս նկարները, որոնք բոլորը նույնպես նվիրված էին Էլիզային: Բոլոր նկարներում նույն աղջիկն էր. տարբեր զգեստներով, դեմքի տարբեր արտահայտություններով, սակայն միշտ նույն դիրքով նստած:
Շուտով Տիգրանը դուրս եկավ խոհանոցից երկու բաժակ սուրճ ձեռքին: Նա անչափ ուրախ էր, քանի որ ես վերջապես համաձայնվել էի գնալ նրա տուն և տեսնել նրա բոլոր աշխատանքները: Իսկ երբ հիշում էր, որ իրենց տնից անմիջապես պիտի մեր տուն գնայինք և ես դաշնամուր նվագեի  իր համար, ուրախությունը պարզապես խառապատկվում էր:
Քանի սուրճը չէր սառել, երկուսս էլ փորձում էինք արագ խմել այն, իսկ ես անընդհատ ուզում էի հարցնել Տիգրանից, թե ով էր Էլիզան, սակայն որոշեցի սկզբում հայտնել իմ հիացմունքը նրա կտավների գեղեցկության հանդեպ.

-              Տիգրան, իրոք շատ գեղեցիկ էին նկարներդ,
-              Շնորհակալ եմ,
-              Իսկ կասես ո՞վ է Էլիզան,
-              Իհարկե կասեմ. Նա իմ երազանքների աղջիկն է

Մի պահ զարմացա և չհավատացի, որ այդչափ գեղեցիկ օրիորդն իրականում հորինված կերպար է:

-Այսինքն դու ե՞ս հորինել նրան,
-Այո, ես եմ հորինել…

Ընդամենը այդքանը խոսեցինք Էլիզայի և նրա նկարների մասին, քանի որ Տիգրանն անմիջապես փոխեց խոսակցության թեման և չցանկացավ այդ մասին այլևս որևէ բան պատմել: Իսկ մինչ այդ նա անընդհատ խոսում էր իր նկարներից, պատմում, թե ինչով էր ոգեշնչվում է քանի շիշ վիսկի էր դատարկում նրանք արարելու ժամանակ: Եվ որքան էլ ինձ անհանգստացնում էր այդ նկարների գեղեցիկ աղջիկը, ով ինձնից անշուշտ ավելի գեղեցիկ էր, բայց և ինձ համար կարևորը նկարի գեղեցկությունն ու Տիգրանի հրաշալի տաղանդն էր:
Մենք երջանիկ զույգերի նման երեկոյան շարժվեցինք դեպի իմ տուն, որտեղ ես վաղուց ամեն ինչ արդեն պատրաստել էի: Տանը գեղեցիկ ու ռոմանտիկ մթնոլորտ էր տիրում: Դաշնամուրի շուրջը ես գեղեցիկ ծաղիկների էի փռել, իսկ հենց դաշնամուրի վրա համեստ, բայց շատ համեղ սեղան էի գցել: Տիգրանն ինձ անմիջապես գրկեց և սկսեց համբուրել: Ես նրան երբեք այդքան շատ չէի սիրել, քան այդ երեկո…

Ընդամենը երկու բաժակ գինին հերիք էր, որ ես և Տիգրանը սկսեինք լրիվ անկեղծանալ և ուղղակի ամբողջ երեկո համբուրվել:

-Քեզ երբեք այսքան գեղեցիկ չեմ տեսել,- ականջիս շշնջում էր Տիգրանը և ես էլ ուղղակի երջանկությունից գլուխս կորցնում էի:

Դանդաղ, սակայն վստահ քայլերով ես նստեցի դաշնամուրի առաջ և Տիգրանին նվիրեցի մեր հանդիպման գեղեցիկ մեղեդին`նոկտյուրնը: Տիգրանն անթարթ աչքերով նայում էր ինձ և խորիմաստ ժպտում: Հետո ինձնից թուղթ և մատիտ խնդրեց և սկսեց նկարել ինձ դաշնամուրի առջև նստած:

-Վաղը խոստանում եմ քեզ մի գեղեցիկ նկար նվիրել, Էլիզա: Հիմա կփորձեմ մատիտով նկարել, իսկ երբ տուն գնամ այն կանցկացնեմ մեծ թղթի վրա,- Տիգրանը նայում էր ինձ իր փայլող աչքերով և դողացող ձեռքով արտատպում ինձ թղթի վրա: Ասում են, որ նկարիչները հենց այդպես են սիրում կանանց
-Ուրախ եմ, որ ես էլ վերջապես կհայտնվեմ քո կտավներում Տիգրան,
-Չէ Էլիզա, դու միշտ ես եղել իմ կտավներում ու իմ երևակայութան մեջ, ուղղակի ես քեզ մի փոքր այլ կերպ եմ պատկերացրել: Ու չնայած դրան ես անչափ ուրախ եմ և երջանիկ, որ վերջապես հանդիպեցի քեզ` իմ երազանքների աղջկան:

Տիգրանի այս խոսքերից ես ուղղակի այնպես ապշեցի, որ չէի կարողանում այլևս խոսել, բայց խեղդվելով մի կերպ ասացի.

-Տիգրան, բայց իմ անունը Էլիզա չէ, ինչու՞ ես ինձ այդպես անվանում:

Տիգրանը թեթևակի ժպտաց և անչափ հուզիչ ձայնով արտաբերեց.

-Որովհետև դու իմ նկարների Էլիզան ես….

Գնալով ավելի ու ավելի շատ սկսեցի սիրել Տիգրանին: Թեև նա էլ իմ երազանքների ասպետին առհասարակ նման չէր, բայց և այնպես նա իմ երեկոյան ամենասպասված հյուրն էր, որին ես պատրաստ էի նվիրել ողջ կյանքիս բոլոր երեկոները և գիշերներն անխտիր:



понедельник, 22 июля 2013 г.

«Եվա» (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Ուղիղ մեկ տարվա դադարից հետո առաջին պատմվածքը որը հասցրեցի իր տրամաբանական  ավարտին «Եվա» վերնագիրն է կրում: Ինչպես միշտ ակտիվորեն սպասում եմ Ձեր արձագանքներին, դժգոհություններին և դիտողություններին: Կընդունեմ ցանկացած կարծիք` մեծ սիրով:
Եվ առաջիկայում սպասեք իմ կիսատ 4 աշխատանքերից որևէ մեկի ավարտին…
Սիրով` Ձեր Vao
Հ.Գ. Պատվածքն այլ կայքերում տեղադրելու դեպքում անպայման գրեք «ԵՐԲ ՉԵՄ կարող ԼՌԵԼ» բլոգի ֆեյսբուքյան էջին…


Ես նա եմ, ով կամ և գտնվում եմ այնտեղ, ուր պետք է լինեմ



Կրկին նույն լուսինն է իր հին տեղում կախված և ճիշտ նույն աստղերի դասավորությունն է, ինչ երեք օր առաջ էր: Երկու լուսնային փուլ էր անցել արդեն, սակայն երկնքում ոչ մի փոփոխություն չէր նկատվում: Նույնիսկ օտար քաղաքի երկնքում էր ամեն ինչ ճիշտ այնպես դասավորված, ինչպես իմ քաղաքում էր: Երբեմն ինձ թվում է, որ երկնքում ոչինչ  երբեք չի փոխվում: Միշտ նույն արեգակն է փայլում, նույն լուսինն իր բոլոր փուլերի ժամանակակ միևնույն ձևն է ունենում, բոլոր աստղերը միշտ պարտաճանաչ իրենց դիրքերում են լինում: Տիեզերքն անսահման ու անծայրածիր է ու չնայած դրան, երկրի բոլոր անկյուններում գիշերային երկինքը միշտ նույնն է լինում: Երևի շատ աստղագետներ կփորձեին ինձ հակառակն ապացուցել: Բայց ինչպես Ա. Այնշտայնն է մի անգամ ասել` ,,երևակայությունն ավելի կարևոր է, քան փաստերը'':
Այո, շուրջ երկու ամիս էր, ինչ ամեն գիշեր փողոցում նստած նայում էի աստղազարդ երկնքին և ժամանակս անցկացնելու համար հաշվում աստղերն ու ուսումնասիրում լուսնին բոլոր փուլերի ժամանակ: Եվ ուղիղ երկու ամիս առաջ էր, երբ ես հայտնվեցի փողոցում:
Զավակների սխալների համար ծնողները միշտ նախատում են, բայց որոշ ժամանակ անց բոլորն էլ ներում են իրենց որդիներին: Ես էլ մարդ եմ (եթե իհարկե դեռ կարելի է ինձ այդպես կոչել), և ես էլ անսխալական չեմ: Բայց, եթե նույնիսկ հանցագործներին ներում են և կրկին սիրով ընդունում են իրենց ծնողները, ապա ինձ իմ ծնողներն այլևս ընդունել չկարողացան:
Մտածում եմ, քայլում, շարունակում գրել և նորից նայում երկնքին: ինչքան գեղեցիկ է ամեն ինչ, ինչքան պարզ ու մաքուր:
Տարիներ շարունակ կանգնել եմ փողոցում` բաց երկնքի տակ, բայց երբեք չեմ նայել վերև, երբեք չեմ նկատել փայլող աստղերին ու նրանց գեղեցկությունը: Փոխարենը միշտ  փնտրել եմ այդ գեղեցկությունն այստեղ` ներքում: Չիմանալով ու չմտածելով անգամ, որ ներքևում ոչինչ գեղեցիկ չի արդեն: Իսկ ես մինչ այդ բազում գեղեցիկ տղամարդկանց եմ հանդիպել, որոնք իրենց ձեռքին ունեին ամուսնական գեղեցիկ մատանի: Չէ, մատանին չէր գեղեցիկ, այլ նրանց ձեռքերը ու այն օրը, երբ նրանք նույն մատանին դրել են իրենց կնոջ ձեռքին: Ու շատ անգամ աշխատանքից  ձեռքերի վրա հայտնված խոշոր երակներն էին գեղեցիկ: Իհարկե, կմտածեք գժվել եմ,


բայց չէ, ուղղակի դուք ինձ չգիտեք: Տղամարդու երակներով պատված գեղեցիկ ձեռքերն իմ թուլությունն են: Դրանք, որ ինձ պինդ գրկելուց հետո վերջում հանձնում են իմ վաստակած գւոմարը:
Դե հետո էլ ո՞նց ինձ ներեն իմ ծնողները: իսկ մ՞իթե ներում կա իմ նմաններին: Ես, որ երբեք ոչնչի կարիք չեմ ունեցել և շատերի նման գումարի համար չեմ վարել նման կյանք, այսօր մեղադրում եմ ծնողներիս ու իմ շրջապատին, որ մնացել եմ մենակ ու փողոցում: Մ՞իթե փողոցը չէր այն տեղը, որին ես արժանի էի: Մ՞իթե կարծել եմ, որ գեղեցիկ ձեռքով մի երիտասարդ էլ իմ ձեռքին մի օր ոսկե մատանի կդնի: Իհարկե չէ: Ես նա եմ, ով որ կամ և գտնվում եմ այնտեղ, որտեղ որ պետք է լինեմ: Բայց միայն մի բան է փոխվել: Այն, որ ես միայնակ չեմ:
Երկու ամիս առաջ էր, որբ ինձ վատ էի զգում և սրտումս մի ծակոց զգացի: Կարծես ներսից ինչ-որ մեկն ինձ ճնշում էր: Մայրիկիս հետ գնացինք ստուգվելու և հենց այդտեղ էլ պարզ դարձավ, որ ես շուտով մայր եմ դառնալու: Հենց այդ ամենը պարզ դառնալուց հետո ծնողներս իմացան իմ մասին ամեն ինչ և ինձ իմ աղջկա հետ միասին դուրս շպրտեցին:
Հիմա էլ իմ մեջ ոչինչ չի փոխվել: Դեռ հիմա էլ է սիրտս ամեն օր ծակոց զգում: Նույնիսկ ես տեղափոխվեցի ուրիշ քաղաք, բայց այստեղ էլ էլի ես եմ ու էլի չեմ փոխվել…….

Բոլոր երեխաներն էլ հաստատ զգում են իրենց մայրիկի հույզերը, երբ արդեն ծնված են լինում: Չնայած ասում են, որ երեխաները զգում են նաև իրենց մոր հուզմունքը, ուրախությունը  դեռևս չծնված: Բայց գրեթե մեծ մասն անտեղյակ է լինում, թե հատկապես ինչ է զգացել իրենց մայրը, երբ ինքը դեռ ծնված չի եղել:
Բայց իմ աղջիկը կարող է նաև կարդալ իմ մտքերն ու իմանալ, թե ես ոնց եմ սպասել նրան: Իհարկե ինձ հետաքրքիր է նաև իմ աղջկա հետագա ճակատագիրը, բայց շատ ավելի լավ կլինի, եթե նա ինձնից թաքուն կարդա և իմանա, որ իր մայրը իրեն կրելու ժամանակ եղել է ընդամենը մի հասարակ փողոց ավլող: Այո, ու թող նա այդպես իմանա:
« Խնդրում եմ Ձեզ բարի մարդիկ, երբ ծնվի իմ հրաշք աղջիկը, նրան անպայման կհանձնեք մանկատուն և այս նամակները`բացառությամբ նրանց, որոնք ես կայրեմ, կդնեք նրա հետ: Ուզում են, որ աղջիկս երբ մեծանա ու դառնա հասուն, կարդա սա:
Ու նաև մտածում եմ, որ աղջկաս կոչեմ երկնային անուններով` Լուսինե, Աստղիկ կամ Արևիկ: Բայց քանի որ աղջիկս է իմ կյանքի միակ իմաստն է, ես խնդրում եմ, որ նրա անունը դնեք Եվա, որը նշանակում է կյանք» :