Չհասկացա
պատկերասրահ է՞ր, արվեստանո՞ց, թե՞ բնակարան: Բազմիցս էի լսել թափթփված ու
տարօրինակ արվեստագետների մասին, բայց առաջին անգամ էի գտնվում արվեստագետի
բնակարանում և ականատես լինում նրա աշխատանքներին: Չնայած բնակարանը շատ թափթփված
էր, բայց իմ արվեստագետ ընկերը բավականին կոկիկ անձնավորություն էր: Նրա արտաքին
տեսքից դատելով երբեք չէիր կռահի, որ նա կարող է նկարիչ լինել:
Ամենատպավորիչ
աշխատանքը, որն իմ առաջ հայտնվեց մի շատ հմայիչ օրիորդի նկար էր: Աղջիկն ամառային
կապույտ զգեստով նստած էր աթոռի վրաՊ Մինչ կցանկանայի Տիգրանից հարցնել, թե ով էր
նա, նկարի տակ կարդացի մակագրությունը. «Էլիզային»:
Այնուհետև սկսեցի ուսումնասիրել մյուս նկարները, որոնք
բոլորը նույնպես նվիրված էին Էլիզային: Բոլոր նկարներում նույն
աղջիկն էր. տարբեր զգեստներով, դեմքի տարբեր
արտահայտություններով, սակայն միշտ նույն դիրքով նստած:
Շուտով
Տիգրանը դուրս եկավ խոհանոցից երկու բաժակ սուրճ ձեռքին: Նա անչափ ուրախ էր, քանի
որ ես վերջապես համաձայնվել էի գնալ նրա տուն և տեսնել նրա բոլոր աշխատանքները:
Իսկ երբ հիշում էր, որ իրենց տնից անմիջապես պիտի մեր տուն գնայինք և ես դաշնամուր
նվագեի իր համար, ուրախությունը պարզապես
խառապատկվում էր:
Քանի սուրճը չէր սառել, երկուսս էլ փորձում էինք
արագ խմել այն, իսկ ես անընդհատ ուզում էի հարցնել Տիգրանից, թե ով էր Էլիզան,
սակայն որոշեցի սկզբում հայտնել իմ հիացմունքը նրա կտավների գեղեցկության հանդեպ.
-
Տիգրան, իրոք շատ գեղեցիկ էին նկարներդ,
-
Շնորհակալ եմ,
-
Իսկ կասես ո՞վ է Էլիզան,
-
Իհարկե կասեմ. Նա իմ
երազանքների աղջիկն է
Մի
պահ զարմացա և չհավատացի, որ այդչափ գեղեցիկ օրիորդն իրականում հորինված կերպար է:
-Այսինքն դու ե՞ս հորինել նրան,
-Այո,
ես եմ հորինել…
Ընդամենը
այդքանը խոսեցինք Էլիզայի և նրա նկարների մասին, քանի որ Տիգրանն անմիջապես փոխեց
խոսակցության թեման և չցանկացավ այդ մասին այլևս որևէ բան պատմել: Իսկ մինչ այդ նա
անընդհատ խոսում էր իր նկարներից, պատմում, թե ինչով էր ոգեշնչվում է քանի շիշ
վիսկի էր դատարկում նրանք արարելու ժամանակ: Եվ որքան էլ ինձ անհանգստացնում էր
այդ նկարների գեղեցիկ աղջիկը, ով ինձնից անշուշտ ավելի գեղեցիկ էր, բայց և ինձ
համար կարևորը նկարի գեղեցկությունն ու Տիգրանի հրաշալի տաղանդն էր:
Մենք
երջանիկ զույգերի նման երեկոյան շարժվեցինք դեպի իմ տուն, որտեղ ես վաղուց
ամեն ինչ արդեն պատրաստել էի: Տանը գեղեցիկ ու ռոմանտիկ մթնոլորտ էր տիրում:
Դաշնամուրի շուրջը ես գեղեցիկ ծաղիկների էի փռել, իսկ
հենց դաշնամուրի վրա համեստ, բայց շատ համեղ սեղան էի գցել: Տիգրանն ինձ անմիջապես
գրկեց և սկսեց համբուրել: Ես նրան երբեք այդքան շատ չէի սիրել, քան այդ
երեկո…
Ընդամենը երկու բաժակ գինին հերիք էր, որ ես և Տիգրանը սկսեինք լրիվ անկեղծանալ և ուղղակի ամբողջ երեկո համբուրվել:
-Քեզ երբեք այսքան գեղեցիկ չեմ տեսել,- ականջիս
շշնջում էր Տիգրանը և ես էլ ուղղակի երջանկությունից գլուխս կորցնում էի:
Դանդաղ,
սակայն վստահ քայլերով ես նստեցի դաշնամուրի առաջ և Տիգրանին նվիրեցի մեր
հանդիպման գեղեցիկ մեղեդին`նոկտյուրնը: Տիգրանն անթարթ աչքերով նայում էր ինձ և
խորիմաստ ժպտում: Հետո ինձնից թուղթ և մատիտ խնդրեց և սկսեց նկարել ինձ դաշնամուրի
առջև նստած:
-Վաղը խոստանում եմ քեզ մի գեղեցիկ նկար նվիրել, Էլիզա: Հիմա կփորձեմ մատիտով նկարել, իսկ երբ տուն գնամ այն
կանցկացնեմ մեծ թղթի վրա,-
Տիգրանը նայում էր ինձ իր փայլող աչքերով և դողացող ձեռքով արտատպում ինձ թղթի վրա: Ասում են, որ նկարիչները հենց այդպես են սիրում կանանց…
-Ուրախ եմ,
որ ես էլ վերջապես կհայտնվեմ քո կտավներում Տիգրան,
-Չէ
Էլիզա, դու միշտ ես եղել իմ կտավներում ու իմ երևակայութան մեջ, ուղղակի ես քեզ մի
փոքր այլ կերպ եմ պատկերացրել: Ու չնայած դրան ես անչափ ուրախ եմ և երջանիկ, որ
վերջապես հանդիպեցի քեզ` իմ երազանքների աղջկան:
Տիգրանի
այս խոսքերից ես ուղղակի այնպես ապշեցի, որ չէի կարողանում այլևս խոսել, բայց
խեղդվելով մի կերպ ասացի.
-Տիգրան, բայց իմ անունը Էլիզա չէ, ինչու՞ ես ինձ այդպես անվանում:
Տիգրանը
թեթևակի ժպտաց և անչափ հուզիչ ձայնով արտաբերեց.
-Որովհետև դու իմ նկարների Էլիզան ես….
Գնալով ավելի ու ավելի շատ սկսեցի սիրել Տիգրանին: Թեև նա էլ իմ երազանքների ասպետին առհասարակ նման չէր, բայց և այնպես նա իմ երեկոյան ամենասպասված հյուրն էր, որին ես պատրաստ էի նվիրել ողջ կյանքիս բոլոր երեկոները և գիշերներն անխտիր:


Комментариев нет:
Отправить комментарий