среда, 31 января 2018 г.

ԳԻՇԵՐՎԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)

Երբ թանձր մութը այցի կգա, մարդիկ կկախարդվեն և կտեղափոխվեն ուրիշ աշխարհ՝ մտքերի անկյունում ծնված: Ու կգայթակղի մեզ մթնած երկինքը, 🌛կմոռանանք ներկան ու կմխրճվենք հուշերում... 

Կդառնանք բոլորս երազկոտ և սեր կնվիրենք մեր խենթ իղձերին: Տարածության բոլոր սահմանները խախտելով մենք կլողանք տիեզերքում: Ու կխաբեն մեզ շողացող աստղերը, կդառնանք ապագա և կթռչենք հեռու... 

Կարոտի ուղին մեզ կտանի դեպի անցյալ, դեպի հիշեցում մեղքերի և սխալների: Քունը կհաղթի մեզ և կանէացնի  այս աշխարհից: Ու կհատենք ամպերի և աստղերի հետ կապող սահմանը, կդառնանք երազ գիտակցության մեջ և երազի պես այցի կգնանք տիեզերքի խոր տարածությունով:

31.01.2018թ.

воскресенье, 14 января 2018 г.

ՁՄԵՌ (ՄԱՆԿԱԿԱՆ, ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)




Բնությունն իր խենթ ներդաշնակությամբ
Սավան է փռում սարին ու դաշտին,
Ճկված ճյուղերին նստած մի ագռավ
Աղոթքով կանչում տաք-տաք օրերին:
 
 
Սառած գետերում անդորր է տիրում,
Ձյունե ծառուղում լսվում են քայլեր,
Երջանիկ մարդիկ ձմեռն են սիրում,
Մաքուր ու պարզ է դարձել կյանքը մեր:
 
Անտառում ձյունե հաստ շերտերի տակ
Ինչքան ուտելիք և սնունդ մնաց,
Իսկ ձնեմարդու զայրացած դեմքից
Փոքրիկ սկյուռիկը փախավ ու գնաց:
 
Մութ երեկոյան քամին պարելով
Քշեց ու տարավ եղևնու ճյուղեր,
Պարահանդեսի համար` վրձինով,
Պատուհաններին ներկեց կտավներ:
 
Ինչքան քիչ բան է հարկավոր կյանքում
Վայելելու և զգալու համար,
Սառած դռները ձմեռն է թակում,
Մի նոր հեքիաթ է բերել մեզ համար:

15.01.2018թ.

ԱՆԱՎԱՐՏ ՍԵՐԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)



Ես քեզ սիրում եմ և երազներս ու ամբողջ կյանքս նվիրում եմ քեզ,
Թող որ  ես ապրեմ մի քիչ առանց ես՝ արբած, մոլորված:

Ես քեզ ներում եմ և սխալներդ ու քո մեղքերը վերագրում եմ ինձ,
Թող որ ես ապրեմ ծանր մեղքերով միշտ դատապարտված:

Ես քեզ կանչում եմ ու վերջին հույսով կմնամ ես միշտ սպասելով քեզ,
Քող որ աչքերս քեզ նորից գտնեն՝ ճամփիդ կարոտած:

Ես քեզ կորցնում եմ ու միևնույնն է ինձ չեմ մեղադրում սիրելու համար,
Երբեմն սերը այդպես է լինում՝ կիսատ, չավարտված:
14.01.2018թ.

ՁՅԱՆ ԿԱԽԱՐԴԱՆՔԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Ես հավատում եմ, որ ձյունն ունի կախարդանք:


  Ձյունն էներգիա է բերում երկնքից և այն կորած երազանքից, երբ աստղերին էինք պատմում մեր երազները: Ամենապարզ և ամենամաքուր փաթիլները երազներ են՝ ամբողջ աշխարհում մարդկանց ցանկություններից հյուսված երազներ: Եվ ամեն տարի ես սպասում եմ, որ այս ձյան հետ ես նորից կգտնեմ իմ երազը:
  Որքան երգեր են հյուսվում ձյանը, ձյան փաթիլներին: Ես երգել չեմ կարող, բայց միշտ սիրով կնվիրեմ իմ սերը՝ իմ երազանքներից կազմված փաթիլներին:


  Երբ աստղ է ընկնում, ասում են երազանք պահիր, իսկ երբ ձյուն է գալիս, ես վստահ եմ, որ ինչ-որ տեղ այդ երազանքներն իրականանում են:
  Ձյունն իր մեջ ունի յուրօրինակ կախարդանք:

пятница, 12 января 2018 г.

ԿԱՐՄԻՐԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)


Մի ժամանակ ամեն ինչ այնքան վառ ու գունավոր էր:


Հիշում եմ իմ կարմիր կիսագուլպաները ես միշտ հագնում էի կարմիր գրխարկիս հետ: Կարծում էի ես էլ եմ հեքիաթից ու բոլորն ինձ այդպես շատ էին սիրում: Ես ընտրում էի վառ գույներ. բնազդաբար, անգիտակցաբար կամ ուղղակի սիրում էի դրանք: Այսօր կարմիրը համարվում է գրավիչ գույն` կրքոտ գույն: Այն ժամանակ էլ էր համարվում, բայց իմ աշխարհայացքում ես ընդամենը հեքիաթի հերոս էի, ես չգիտեի որ մեծահասակները կարող են գույներն ասոցացնել տրամադրության և ցանկությունների, հոգեբանները` բնավորության և հոգեվիճակի հետ: Այսօր էլ եմ ես ուզում հագնել կարմիր, վարդագույն կամ դեղին կիսագուլպաներ, բայց արդեն նորաձևության ոլորտի մասնագետներն են պնդում, որ դրանք միայն դեռահասների համար են: Իսկ ու՞ր մնացին հեքիաթների հերոսների վառ ու գունավոր կերպարները: Ի՞նչու են մեծերն արագ մոռանում հեքիաթները և սկսում հավատալ հոգեբաններին: Ի՞նչու, չի՞ կարելի հիմա էլ ընտրել կարմիրը, որովհետև ուղղակի սիրում ես այն: Ես մտքով հասունացել եմ, բայց գիտակցաբար չեմ ուզում ընդունել, որ եթե մոխրագույն հագուստ եմ ուզում գնել, ուրեմն միայնության սինդրոմ ունեմ կամ հոգեպես ընկճված եմ: Մենք ընդլայնում ենք մեր աշխարհայացքը, բայց դրանով ամեն ինչ բարդանում և դժվարանում է: Հիմա պարզապես` պարզապես չկա կյանքում: Եթե ինչ-որ բան ընտրում ես, ուրեմն մարդիկ կգտնեն դրա որովհետևը: Իսկ իրականում մենք ուղղակի մեծացել ենք: Մի ժամանակ էլ էինք բնազդաբար ընտրում կարմիրը, հիմա էլ: Որովհետև այն գրավիչ է, ուշադրության կենտրոնում է պահում քեզ: Ուղղակի մենք ենք մոռացել հեքիաթից կարմիր գրխարկին. այսօր հոգեբանները պնդում են, որ կարմիրի ընտրությունը սեռական ցանկությունների դրսևորում է, մարդիկ մտածում են կրքոտ է, ոճաբանները համոզում են, որ նորաձև է….


Մի ժամանակ ամեն ինչ ՊԱՐԶԱՊԵՍ վառ ու գունավոր էր: