ԿԱՐՄԻՐԸ (ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ)
Մի ժամանակ ամեն ինչ այնքան վառ ու գունավոր էր:
Հիշում եմ իմ կարմիր կիսագուլպաները ես միշտ հագնում էի կարմիր գրխարկիս հետ: Կարծում էի ես էլ եմ հեքիաթից ու բոլորն ինձ այդպես շատ էին սիրում: Ես ընտրում էի վառ գույներ. բնազդաբար, անգիտակցաբար կամ ուղղակի սիրում էի դրանք: Այսօր կարմիրը համարվում է գրավիչ գույն` կրքոտ գույն: Այն ժամանակ էլ էր համարվում, բայց իմ աշխարհայացքում ես ընդամենը հեքիաթի հերոս էի, ես չգիտեի որ մեծահասակները կարող են գույներն ասոցացնել տրամադրության և ցանկությունների, հոգեբանները` բնավորության և հոգեվիճակի հետ: Այսօր էլ եմ ես ուզում հագնել կարմիր, վարդագույն կամ դեղին կիսագուլպաներ, բայց արդեն նորաձևության ոլորտի մասնագետներն են պնդում, որ դրանք միայն դեռահասների համար են: Իսկ ու՞ր մնացին հեքիաթների հերոսների վառ ու գունավոր կերպարները: Ի՞նչու են մեծերն արագ մոռանում հեքիաթները և սկսում հավատալ հոգեբաններին: Ի՞նչու, չի՞ կարելի հիմա էլ ընտրել կարմիրը, որովհետև ուղղակի սիրում ես այն: Ես մտքով հասունացել եմ, բայց գիտակցաբար չեմ ուզում ընդունել, որ եթե մոխրագույն հագուստ եմ ուզում գնել, ուրեմն միայնության սինդրոմ ունեմ կամ հոգեպես ընկճված եմ: Մենք ընդլայնում ենք մեր աշխարհայացքը, բայց դրանով ամեն ինչ բարդանում և դժվարանում է: Հիմա պարզապես` պարզապես չկա կյանքում: Եթե ինչ-որ բան ընտրում ես, ուրեմն մարդիկ կգտնեն դրա որովհետևը: Իսկ իրականում մենք ուղղակի մեծացել ենք: Մի ժամանակ էլ էինք բնազդաբար ընտրում կարմիրը, հիմա էլ: Որովհետև այն գրավիչ է, ուշադրության կենտրոնում է պահում քեզ: Ուղղակի մենք ենք մոռացել հեքիաթից կարմիր գրխարկին. այսօր հոգեբանները պնդում են, որ կարմիրի ընտրությունը սեռական ցանկությունների դրսևորում է, մարդիկ մտածում են կրքոտ է, ոճաբանները համոզում են, որ նորաձև է….
Մի ժամանակ ամեն ինչ ՊԱՐԶԱՊԵՍ վառ ու գունավոր էր:
Комментариев нет:
Отправить комментарий